IDEx vol. 4. Բարձր արդյունավետությունը որպես առաջնորդության և կազմակերպական աճի նոր նշաձող
Ծանոթացեք IDEx vol. 4-ի ամփոփմանը։ Բարձր արդյունավետության առաջնորդության շուրջ ծավալված բաց երկխոսություն, փորձագիտական կարծիքներ և կիրառելի ռազմավարություններ։
Կիսվել հոդվածով
IDEx vol. 4. Բարձր արդյունավետությունը որպես առաջնորդության և կազմակերպական աճի նոր նշաձող
Ինչպե՞ս թիմին հասցնել կատարողականի առավելագույն նշաձողին՝ միաժամանակ պահպանելով այն ներքին ներդաշնակությունն ու առողջ միջավայրը, որտեղ յուրաքանչյուրն իրեն իրացված է զգում։Այս հարցի պատասխանն էին փնտրում շուրջ 40 փորձառու առաջնորդներ, ովքեր հունիսի 6-ին միացել էին IDEx vol. 4-ին։«High-Performance Leadership» խորագիրը կրող մեր հանդիպումը սովորական սեմինար չէր, այլ անկեղծ երկխոսությունների ու փորձի փոխանակման մի մեծ հարթակ։ Թուֆենկյան հյուրանոցի հյուրընկալ հարկի տակ մենք միասին վերանայեցինք կառավարման հին մոտեցումներն ու գտանք նոր ուղիներ՝ բարձր արդյունավետությունն ու թիմի ներդաշնակությունը համադրելու համար։
Անչափ ուրախալի է տեսնել, որ այն ձևաչափը, որը մեկ տարի առաջ նախաձեռնեցինք Աննա Կոնջորյանի հետ, ոչ միայն սիրվեց, այլև դարձավ պահանջված հարթակ առաջատար ընկերությունների համար։ Մեզ համար հատկապես արժեքավոր է կազմակերպություններն IDEx-ը դիտարկում են որպես իրենց թիմերի առաջնորդական ներուժի զարգացման և ամրապնդման արդյունավետ միջոց։
IDEx-ի առանցքային արժեքը գիտելիքի համատեղ ստեղծումն է։ Սա մի բացառիկ պրոցես է, որտեղ կարճ ժամանակահատվածում, հենց մասնակիցների կոլեկտիվ փորձի հիման վրա, ծնվում են նոր ու կիրառելի լուծումներ, որոնք դառնում են ընդհանուր սեփականություն։
Միջոցառման առաջին իսկ րոպեներից սրահում տիրեց IDEx-ի գլխավոր այցեքարտը հանդիսացող այն անկաշկանդ ու բաց մթնոլորտը, որտեղ չկան պարզապես ունկնդիրներ։ Սրահը վերածվել էր կենդանի քննարկումների մի մեծ տարածության, որտեղ յուրաքանչյուր ոք իր անցած ճանապարհով ու մասնագիտական հայացքներով դարձավ օրվա բովանդակության իրական ստեղծողը։
IDEx-ի յուրահատուկ «World Cafe» ֆորմատը հնարավորություն տվեց մեկտեղել տարբեր ոլորտների ղեկավարների փորձը։ 8 սեղան, 8 առանցքային թեմա և ֆասիլիտատորներ, ովքեր վարպետորեն համակարգում էին մտքերի հոսքը։ 15 րոպեն մեկ հնչող զանգը ոչ թե ընդհատում, այլ նոր շունչ էր հաղորդում քննարկումներին. մասնակիցները փոխում էին սեղանները՝ նախորդ զրույցների էներգիան տեղափոխելով նոր միջավայր ու այն համեմելով թարմ հայացքներով։
Այստեղ չկային միակողմանի ելույթներ. կար անկեղծ երկխոսություն այն մասին, թե ինչպես «առողջ» բախումները վերածել թիմի աճի հնարավորության, ինչպես ներդաշնակել անհատական հավակնությունները թիմային նպատակների հետ և ո՞րն է առաջնորդի իրական դերը բարձր արդյունավետություն ապահովելիս։«World Cafe»-ի ողջ ընթացքում քննարկումների խորությունն ու դինամիկան ապահովում էր մեր փորձառու ֆասիլիտատորների թիմը։ Լինելով ոլորտի պրոֆեսիոնալներ՝ նրանք իրենց հետ բերել էին կառավարման տարբերվող փորձառություն ու հայացքներ։ Նրանք ոչ միայն վարպետորեն համակարգում էին սեղանների շուրջ ծավալվող մտքերի հոսքը, այլև օգնում էին մասնակիցներին կենտրոնանալ ամենաառանցքային հարցերի վրա և բյուրեղացնել ամենաարժեքավոր գաղափարները։
Սեղանների շուրջ հավաքված գրառումներն վկայում էին մեկ բանի մասին՝ առաջնորդության մարտահրավերները բոլորի մոտ նույնն են, իսկ լուծումները ծնվում են հենց այսպիսի անկեղծ քննարկումների արդյունքում։ Սեղանների շուրջ գեներացված բազմաթիվ հարցերն ու գաղափարները իրենց ռազմավարական ամփոփումը գտան պանելային քննարկման փուլում։
Բարձր արդյունավետության համատեքստում առանցքային է, որ կազմակերպությունները ներդրում կատարեն իրենց ղեկավարների շարունակական զարգացման մեջ։ Երբ առաջնորդն աճում է, նա իր հետ բարձրացնում է նաև թիմի նշաձողը։ Արդյունքում՝ բարձր կատարողականությունը դառնում է ոչ միայն բիզնես հաջողությունների, այլև յուրաքանչյուր աշխատակցի մասնագիտական վերափոխման գրավականը։
Որպես ղեկավար՝ պետք է գիտակցել, որ աշխատակցի յուրաքանչյուր սխալ, անգամ եթե այն ազդում է ընկերության բյուջեի վրա, իրականում ներդրում է նրա մասնագիտական աճի մեջ։ Երբ տեսնում ես, թե որքան արժեքավոր փորձառություն է ձեռք բերում մարդը այդ սխալի արդյունքում, հասկանում ես՝ այդ գինը վճարելն ավելին քան արդարացված էր։
Չկան ընկերություններ, որտեղ կորպորատիվ մշակույթ գոյություն չունի. հարցն այն է՝ մենք ենք կառավարում այդ մշակույթը, թե՞ մշակույթն է կառավարում մեզ։ Սա երկարաժամկետ ու հետևողական գործընթաց է, որը սկսվում է առկա իրավիճակի ճիշտ ախտորոշումից։ Միայն հասկանալով մեր ներքին մթնոլորտի իրական պատկերը՝ կարող ենք վստահ լինել, որ այն իրապես ծառայում է ընկերության ռազմավարական նպատակներին։
IDEx-ի բովանդակային շերտերն ու հատուկ մթնոլորտը լիարժեք դարձան այն գործընկերների շնորհիվ, ովքեր իրենց պատմությամբ ու արժեքներով լավագույնս լրացնում են բարձր արդյունավետության գաղափարը։ Գլխավոր գործընկեր «Աթենք» ընկերությունն իր մասշտաբային ձեռքբերումներով ու կառավարման ինստիտուցիոնալ մոդելով բարձր արդյունավետության օրինակ էր բոլորիս համար։ Ընկերության Կորպորատիվ մշակույթի կառավարման բաժնի ղեկավար Էմմա Դանիելյանը խոսելով IDEx փորձառության մասին նշում է․
Առաջնորդական համայնքի ձևավորումը մեր ընկերության համար ռազմավարական առանցք է։ Մենք կարևորում ենք այն հարթակները, որտեղ յուրաքանչյուրիս փորձն ու գիտելիքը կարող են փոխանակվել, հարստանալ ու բյուրեղանալ՝ վերածվելով հավաքական արժեքի։ Հենց այսպիսի գիտելիքի կապիտալացումն է, որ դառնում է Հայաստանի տնտեսական զարգացման իրական շարժիչ ուժը։
Մեզ միացել էին նաև IDEx-ի հավատարիմ գործընկերներ Hirebee.ai-ը և Moossah Wines-ը, որոնց հետ շարունակեցինք մեր լավագույն ավանդույթները՝ օրն է՛լ ավելի արժեքավոր դարձնելով բոլոր մասնակիցների համար։
Հունիսի 6-ի հանդիպումը եզրափակեց այս տարվա IDEx-ի շարքը, բայց այն երկխոսությունն ու գաղափարները, որոնք ծնվեցին այդ օրը, նոր են սկսում իրենց կյանքը մասնակիցների ընկերություններում։
Ուրախ ենք, որ այս տարվա IDEx-ի շարքը եզրափակեցինք հենց այսպիսի բովանդակալից քննարկումով՝ միասին սահմանելով բարձր արդյունավետության այն նոր նշաձողը, որի հիմքում առաջին հերթին մարդն է ու նրա ներուժը։